երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի գործողությունները խոսում են ԼՂ-ում էթնիկ զտումների նախապատրաստության մասին. Փաշինյան

Ադրբեջանի գործողությունները խոսում են ԼՂ-ում էթնիկ զտումների նախապատրաստության մասին. Փաշինյան

Այն, ինչ ներկայում Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, էթնիկ զտման գործընթացի նախապատրաստում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։

Քննարկման մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային իրավիճակը` Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրի դրույթները։ Արդեն մի քանի ամիս է` արգելափակել է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը դա անում է՝ անտեսելով միջազգային դատարանի որոշումը։

«Չնայած միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանն ապօրինաբար տեղադրեց անցակետ Լաչինի միջանցքում` այս գործողություններով խախտելով ազատ տեղաշարժի իրավունքը։ Խափանում է բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։ Մենք սրանք առանձին գործողություններ չենք դիտարկում, այլ նախապատրաստություն է էթնիկ զտումների։ Անհրաժեշտ է, որ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղղվի Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հասցեական գնահատականներ տա։

Չնայած բոլոր դժվարություններին, ըստ վարչապետի, տարածաշրջամում խաղաղությունն այլընտրանք չունի։

  • Կիսվել: