հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւան արձագանքել  է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման Երեւանի դիրքորոշումը բոլորովին չի փոխվել 2018-ից ի վեր։

Աբդուլաեւան, մասնավորապես, ասել է. «Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ դրանով իսկ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ձեռքբերմանը։

Այս հայտարարությունը ակնհայտ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից, միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերթին՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերից, եւ այդպիսով խոչընդոտ հանդիսանում հակամարտության կարգավորման համար»:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները բոլորովին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ գիտակցի, որ վերջիվերջո Ադրբեջանը, իր սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

Աբդուլաեւան ասել է. «Պատասխանատվությունը որեւէ լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման շրջանակներում, ընկնում է հայկական կողմի վրա»,- նշել է նա։

  • Կիսվել: