շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը. Բեգլարյան

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը. Բեգլարյան

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը՝ վերջին խումբը ներկայացնելով իբր որպես Հայաստանի զինծառայողների տարհանում Արցախից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:․

«Այդ առումով մի քանի շեշտադրում՝

Վաղուց Հայաստանի ոչ մի զինծառայող Արցախում չի գտնվում, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից:

Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 21-ը Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված էր մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ բացառությամբ Կարմիր խաչի կողմից իրականացվող բուժառուների խիստ սահմանափակ քանակի տեղափոխություններից:

Օգոստոսի 21-ից 28-ը ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել մի քանի հարյուր ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ: Սակայն ամսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետից արցախցի երեք ուսանողների ահաբեկչական առևանգումից հետո տեղափոխությունները դադարել էին:

Վերջին օրերին վերականգնված տեղափոխության արդյունքում Հայաստան են տեղափոխվել, իմ տեղեկություններով, հերթում սպասող ուսանողներ, ՌԴ քաղաքացիներ և Արցախի շինարարության, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում ժամանակին աշխատող և գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներ: Հավանաբար հենց այս վերջին խմբին էլ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել իբր որպես զինծառայողներ:

Կարևոր է ընդգծել, որ և՛ օգոստոսյան, և՛ վերջին տեղափոխություններն իրականացվել են միակողմանիորեն, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս խաղաղապահներին Հայաստանից Արցախ վերադարձնել հերթում սպասող բազմաթիվ արցախցիների: Ահա սա ադրբեջանական էթնիկ զտման ու հարկադիր տեղահանման քաղաքականության վառ օրինակներից է, երբ Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ՝ իրենց ընտանիքների մոտ:

Հուսամ՝ Արցախի լիազոր պետական մարմինները հանդես կգան լրացուցիչ պարզաբանումներով այս հարցի շուրջ», - գրել է Բեգլարյանը:

  • Կիսվել: