ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե Արցախն է հրաժարվել այդ շփումներից. Ամենեւին ոչ. Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե Արցախն է հրաժարվել այդ շփումներից. Ամենեւին ոչ. Գուրգեն Ներսիսյան

Մենք ոչ թե մերժում ենք շփումները կամ հանդիպումները Ադրբեջանի հետ, ուղղակի ուզում ենք որոշակի հստակություն ու կոնկրետություն: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Բաքվի հետ հնարավոր շփումներին:

«Մենք նաեւ վերջերս ԱՄՆ դեսպանի խոսքը լսեցինք, երբ շուրջբոլորը խոսում են Արցախում անվտանգության, իրավունքների պաշտպանության  մասին եւ նույնիսկ ինչ-որ տեղ հույս են հայտնում, որ այդ անվտանգությունը  հնարավոր է ապահովել, Արցախի ժողովրդի իրավունքները հնարավոր է երաշխավորել, ես  անկեղծորեն զարմանք եմ ապրում: Ի վերջո, եթե մենք սկսենք 44-օրյա պատերազմից, ապա ի՞նչ ունենք: Ունենք 44-օրյա պատերազմ, ռազմական ագրեսի Արցախի ժողովրդի նկատմամբ, բազմաթիվ քաղաքացիական զոհեր,  մարդկանց հրապարակային խոշտանգման դեպքեր: Նոյեմբերի 9-ից հետո քաղաքացիական անձանց, ոստիկանության ծառայողների սպանություններ: Դեկտեմբերից սկսած Արցախի շրջափակում, սկզբում էկոակտիվիստների անվան ներքո, հետագայում արդեն բացահայտ, ամենօրյա ռեժիմով կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա: Այս պայմաններում խոսել Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման կամ անվտանգության, հետագայում նաեւ Ադրբեջանի կազմում այդ իրավունքների ապահովման մասին, ներեցեք, բայց կարծում եմ՝ մենք իրար հետ անկեղծ չենք»,-ասաց Արցախի պետնախարարը:

Հարցին՝ եղե՞լ է արդյոք ամերիկյան միջնորդություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության վերաբերյալ եւ ինչո՞ւ է Արցախը մերժել բանակցել Բաքվի հետ, նա արձագանքեց. «Շփումներ Արցախի եւ ադրբեջանական կողմի միջեւ եղել են: Եղել են տարբեր հարցերի շուրջ՝ տեխնիկական կամ հումանիտար բնույթ կրող: Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե Արցախն է հրաժարվել այդ շփումներից: Ամենեւին ոչ, ադրբեջանական կողմն է հրաժարվել խաղաղ եւ իրականում հարցերը քննարկելու տրամաբանությունից:

Շփման առաջարկներ եղել են, եւ ըստ երեւույթին, ոչ թե եղել է հրաժարում, այլ եղել է այն, թե ինչի շուրջ է քննարկումը եւ արդյոք այս պայմաններում հնարավոր է որեւէ քննարկում: Հիմա առաջնային խնդիրն է Արցախի ժողովրդին հանել ճգնաժամային այս իրավիճակից: Սա ամենեւին չի նշանակում հավելյալ պայման կամ պահանջներ դնել: Սա տարրական բան է: Եթե այս ամենը տեղի է ունենում ավելի մեծ սպառնալիքներ ստեղծելու համար, ինչի՞ն պետք է ծառայի այդ շփումը: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շփում, բայց ոչ այս պայմաններում: Համ հարվածել, համ ասել՝ դուք պետք է շփվեք: Ամենակարեւորը՝ ի՞նչ պետք է քննարկվի այդ հանդիպումների ժամանակ: Սա շփում չէ, բանակցություն չէ, այլ պարտադրանք: Դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելու տարբերակից»:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե չենք շփվում, դրա այլընտրանքը, ելքը ո՞րն է, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Մենք պատրաստակամ ենք շփման եւ չենք կարծում, որ այլընտրանքը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ պահելը, սովի մատնելն է Ադրբեջանի տեսանկյունից: Մեր խնդիրը պետք է լինի այնպես անել, որ բոլոր միջնորդները ուղիղ նայեն ձեւավորված պրոբլեմներին, այն գործողություններին գնահատական տալ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը»:

  • Կիսվել: