չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ադրբեջանական կողմը դիմում է ակնհայտ ստախության՝ ցույց տալու, որ Ադրբեջանում հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են և չեն վնասվել. monumentwatch

Ադրբեջանական կողմը դիմում է ակնհայտ ստախության՝ ցույց տալու, որ Ադրբեջանում հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են և չեն վնասվել. monumentwatch

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն սկսեց լայնորեն քարոզել մի թեզ, որի համաձայն Ադրբեջանը հանդիսանում է բազմամշակութային երկիր, որտեղ պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, խոչընդոտներ չկան այդ ազգությունների կրոնական արարողությունների իրականացման, կրոնական շենքերի կառուցման համար, և, որ բազմամշակութային կերպարը բնորոշ է Ադրբեջանին (https://www.youtube.com/watch?v=fePtnUNWK3Q), գրում է monumentwatch.org-ը:

Ադրբեջանական կողմը հատկապես 2020 թվականից հետո ակտիվորեն շատացրեց քարոզչական միտում ունեցող նման տեսանյութերի տարածումը, դրանով ցանկանալով ի ցույց դնել, որ անհիմն են հայկական մշակութային ժառանգության ավերման, փոփոխության մասին մեղադրանքները, և որ հայերը խնդիրներ չեն ունենա Ադրբեջանում: Որպես փաստարկ ադրբեջանական կողմը 2020 թվականից սկսեց լայնորեն ցուցադրել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսանկարները, հրապարակել տեսանյութեր՝ իբր տեսեք՝ Ադրբեջանի բազմամշակութային քաղաքականությունը, հանդուրժող վերաբերմունքը տարածվում է նաև հայկական մշակութային ժառանգության վրա և Բաքվի կենտրոնում որպես դրա գրավական կանգուն է հայկական եկեղեցին, որը պահպանվում է, վերանորոգվում ադրբեջանական պետության կողմից (https://www.youtube.com/watch?v=3lwEXpHM76Q): Եթե մինչև 2023 թվականն այս թեզերի տարածմամբ զբաղվում էին պաշտոնական լրատվականները, ապա 2023 և 2024 թվականներին այս արշավին մասնակից են դարձել Ադրբեջանում գործող բազմաթիվ մեդիադեմքեր, ովքեր փոքրիկ տեսանյութեր են հրապարակում նույն Բաքվի եկեղեցուց: 2024 թվականից դրսևորվում է նոր միտում, որոշ մեդիադեմքեր սկսեցին տեսանյութեր հրապարակել նախկինում հայաբնակ շրջաններում գտնվող կանգուն, գլխավորապես 19-րդ դարի եկեղեցիների մասին, ցույց տալու համար, որ ադրբեջանական կողմը պահպանում է նաև Ադրբեջանի շրջաններում գտնվող հայկական եկեղեցիները: Տեսանյութերը գլխավորապես Գյանջա, Շամխոր քաղաքներից են: Ադրբեջանական կողմը բնականաբար չի ցուցադրում պատմական Ուտիքի, հարակից տարածքների հայկական տասնյակ գյուղերի ավերակները, քանդված, վնասված հայկական եկեղեցիները, գերեզմանոցները: Իրողություններ, որոնք դեռևս խորհրդային տարիներից փաստվում էին հայ մասնագետների և հատկապես Սամվել Կարապետյանի կողմից, ով բարձրաձայնում էր այս հարցը՝ այդ թվում գիտական տասնյակ հրապարակումների շնորհիվ, որտեղ տեղադրվում էին մեծ դժվարությամբ հայթայթված նոր լուսանկարները:

Ուշագրավ է, որ ադրբեջանական տեսանյութերում նախքան 19-րդ դարը կառուցված եկեղեցիները անվանվում են աղվանական, հայկական են միայն 19-րդ դարում կառուցվածները: Այստեղ ադրբեջանական կողմն անուղղակի կերպով տարածում է նաև հայերի՝ իբր միայն 19-րդ դարում տարածաշրջանում հայտնվելու քարոզչական սուտը: Այս տեսանյութերի շարքում եկեղեցիներից բացի կարևոր տեղ է տրամադրվում նաև հայկական գերեզմանոցներին: Ցուցադրվում են լավ վիճակում գտնվող խորհրդային տարիներին և 19-րդ դարավերջին արված թաղումները՝ իբրև թե ապացույց, որ չնայած հակամարտությանը՝ ադրբեջանցիները չեն վնասել նաև հայկական գերեզմանոցները: Այս տեսանյութերի մյուս յուրահատուկ կողմն այն է, որ հատուկ շեշտվում է, իբր Հայաստանի տարածքում չկան մահմեդական գերեզմանոցներ, թաղումներ, մզկիթներ, քանի որ հայերը դրանք ավերել են: Մշտապես նշվում է, որ հայերն ի տարբերություն իրենց համատարած քանդել են նաև ադրբեջանական գերեզմանոցները՝ (https://www.youtube.com/watch?v=NiHmxstnca0 , https://www.youtube.com/shorts/6GxaIoaYJYghttps://www.youtube.com/watch?v=HEfrX9LOjkchttps://www.youtube.com/shorts/6-QUrWyQn0Q): Հընթացս դրսևորվում է և մի նոր մոտեցում.  լրատվական տիրույթում բարձրացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցը. իբր դրանք փոքրաթիվ են, քանի որ հայերը անհանդուրժող են:

Այսպիսով, ադրբեջանական կողմը դիմում է ակնհայտ ստախության՝ ցույց տալու, որ Ադրբեջանում հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են և դրանք չեն վնասվել:

Ադրբեջանական կողմը որքան էլ քարոզչական միջոցներով փորձի ի ցույց դնել իր «հանդուրժողականությունը», միայն վերջին 4 տարիներին օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, ինչպես նաև նույն Արցախի տարածքում խորհրդային տարիներին քանդված հարյուրավոր հայկական հուշարձանները խոսում են Արդբեջանի անհանդուրժող և ագրեսիվ բնույթի մասին:

  • Կիսվել: