երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադամ Շիֆը պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Ադամ Շիֆը պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։
 
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։
 
Նա իր տեսաուղերձում ներկայացրել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները` նշելով, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
 
«Քննարկվել է սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը»,– նշել է Մնացականյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Շիֆը համաձայնել է հանդիպել բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ։

  • Կիսվել: