ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես

Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին կոնգրեսականը հայտնել է «Ասպարեզ»-ին տված հարցազրույցում:

«Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - ասել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հնարավոր ագրեսիայի առնչությամբ:

«Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին», - նշել է Շիֆը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը պետք է վերջ դրվի:

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահը նաև արձանագրել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամն ավելի է վատթարանում: Իրավիճակի վրա ազդելու համար Շիֆը կարևոր է համարել բոլոր կոնգրեսականների ներգրավումը՝ ԱՄՆ վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար:

«Վարչակազմը պետք է անի ավելին, քան խոսել բարոյապես համարժեք տերմիններով: Այստեղ բարոյական համարժեքություն չկա: Բռնություններից և սադրանքից զերծ մնալու կոչերը երկու կողմերին ուղղելն օգուտ չի բերում, երբ միայն մեկ կողմն է ագրեսորը, և դա Բաքուն է», - շեշտել է Շիֆը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: