երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աբսո՛ւրդ է՝ Արցախում Ադրբեջանի անձնագրեր չեն վերցնի․ դա բռնի հպատակեցում է, ո՛չ ինտեգրացիա․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)

Աբսո՛ւրդ է՝ Արցախում Ադրբեջանի անձնագրեր չեն վերցնի․ դա բռնի հպատակեցում է, ո՛չ ինտեգրացիա․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Երևանն անտեսել է Լաչինի ճանապարհի «անօրինական օգտագործումը դադարեցնելու»՝ Բաքվի կոչերը, որի արդյունքում Ադրբեջանը որոշել է անցակետ տեղադրել։

«Լաչինի ճանապարհը բաց է և կշարունակի բաց մնալ։ Անցակետը կապահովի դրա օգտագործման թափանցիկությունն ու անվտանգությունը»,- ասել է Բայրամովը։

Նա նաև ասել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է զուգահեռ հսկողություն իրականացնել սահմանին՝ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ, բայց հայկական կողմը մերժել է։ Այս ընթացքում՝ ռուս խաղաղապահների հրամանատարը Լեռնային Ղարաբաղում փոխվեց՝ Վոլկովին փոխարինեց Լենցովը։ Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև։

Factor TV-ին տված հարցազրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է, որ ԱԳ նախարարի հայտարարությամբ Ադրբեջանը խոստովանեց, որ ՀՀ-ին առաջարկել է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Երևանին առաջարկել՝ անցակետը զուգահեռ վերահսկել, ըստ Արցախի օմբուդսմենի, դրա ապացույցն է․

«Ադրբեջանն է միակ սպառնալիքը Լաչինի միջանցքի։ Էժանագին մանիպուլյացիա է, թե Բաքուն կապահովի անվտանգություն։ Ադրբեջանն ինչ անում է, մարսում է, հետևաբար՝ ամեն հաջորդ քայլը մեծ է լինում։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի խոսքերն այլևս չեն բավարարում։ Արցախում որոշակիություն են ուզում իրենց ապագայի վերաբերյալ։ Ասել՝ դուք ճիշտ եք, բայց նաև ասել, թե ոչինչ անել չենք կարող, անբարոյականություն է։ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան պետք է Ադրբեջանին հստակ ասեն՝ ԼՂ-ի կոնֆլիկտը փակված չէ, Արցախի ստատուսը, ինքնորշման իրավունքը պիտի քննարկվի։ Միաժամանակ, Արցախը պահանջում է ՌԴ խաղաղապահներից՝ Ադրբեջանի անցակետը պիտի վերացվի միջանցքից։ Ադրբեջանն անցակետով բռնի հպատակության է մղում Արցախին՝ պետական հանցագործություն է կատարում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

  • Կիսվել: