ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
21-րդ դարում սովամահ անել ինչ-որ ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է. Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ

21-րդ դարում սովամահ անել ինչ-որ ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է. Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ

Այսօր Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան ասաց, որ երբ իրեն տեղեկացրել են Արցախ հումանիտար բեռ ուղարկելու՝ Ֆրանսիայի նախաձեռնության մասին, ինքն ամեն ինչ արել է, որ ընդգրկվի պատվիրակության կազմում:

Նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, թեպետ կցանկանար, որ առաջին այց այս թեմայով չլիներ:

՛՛Եթե այս պատվիրակության մեջ և այս օգնության մեջ Մարսելը ներկայացված չլիներ, մենք լուրջ խնդիր կունենայինք: Մարսելը շատ լավ հիշում է բոլոր այն հայորդիներին, որոնց ընդունեց՛՛,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ հայեր են ապրում Մարսելում:

Միշել Ռուբիռոլան միաժամանակ ցանկություն հայտնեց, որ ԼՂ հայերն էլ ապրեն իրենց տանը:

՛՛21-րդ դարում սովամահ անել ինչ-որ ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է: Որևէ ժողովրդի տառապանք անընդունելի է: Մենք նաև այստեղ ենք՝ պաշտպանելու բոլոր տառապող ժողովուրդներին, որտեղ էլ նրանք գտնվեն՛՛,- ասաց նա և հույս հայտնեց, որ նախագահ Մակրոնը կարձագանքի իրենց դիմումին և ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի բանաձև:

Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալը նաև կոչ արեց, որ այլ երկրներում ևս քաղաքները նման նախաձեռնությամբ հանդես գան, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա:

 

  • Կիսվել: