կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«100 օր. Շրջափակված Արցախ». Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել

«100 օր. Շրջափակված Արցախ». Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել

Մարտի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության  Արցախի երիտասարդաց միության նախաձեռնությամբ և Արցախում գործող երիտասարդական ու հասարակական  կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրահավաք՝ «100 օր. Շրջափակված Արցախ» խորագրով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հավաքի նպատակն էր արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելը, նրա պայքարի վճռականությունն արտահայտելն ու  հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելը:
 
Հանրահավաքը մեկնարկել է բոլոր ժամանակներում Արցախի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը խնկարկելով:
 
«Այսօր բոլորիս համախմբել է մեկ նպատակ և մեկ գաղափար՝ Արցախում ապրելու հաստատակամությունն և վճռականությունը: Արդեն 100 օր է, ինչ Արցախը միջազգային հանրության անպտուղ մտահոգությունների և հայտարարությունների ներքո գտնվում է Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծված շրջափակման մեջ:100 օրն ինքնին ոչ մի խորհուրդ չունի, բայց մի ամբողջական և լուրջ ժամանակահատված է` վերլուծելու այս ընթացքում արցախցու ապրած կյանքը և մեր կրած դժվարությունները: Մենք կրեցինք և շարունակում ենք կրել կենցաղային շատ դժվարություններ, բայց, սրան զուգահեռ, բացահայտեցինք մեր մեջ թաքնված շատ որակներ՝ համբերություն, ներողամտություն, եղբայրասիրություն, մարդկային պարզ շփումներ, որոնցից շատ էինք հեռացել: Եվ, հակառակ այս շրջափակումը ստեղծողների ցանկությանը,  մենք շարունակում ենք կառչած մնալ մեր հողին»,-ելույթի իր խոսքում ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
 
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Հեղինար Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ շրջափակման մեջ պայքարի 100-րդ օրն է: 
 
«Այս պայքարը սկսել են մեր հայրերը` 1988 թվականին: 35 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնած էր կենսական մի հարցի առջև, որը մինչ այդ, կարծեք, գոյություն էլ չուներ: Այդ  ժամանակ պայքարի անհրաժեշտության գիտակցումը միասնական նպատակի շուրջ համախմբեց ողջ հայությանը՝ ձևավորելով համազգային շարժում, որը հետագայում ստացավ Արցախյան շարժում անվանումը: 35 տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում, ցեղասպան թշնամին փորձում է հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը, Հայաստանի վերջնական կործանմանը: Արցախի անկումը կբացի դարպասները դեպի Հայաստան,  և հայությունը կկորցնի այն միջնաբերդը, այն վահանը, որ 35 տարի շարունակ  պաշտպանում է Հայաստանը: Հայրենիքի ողբերգական կորուստների հետևանքով մեր ժողովուրդը հայտնվել է հուսահատական անկման մեջ: Անորոշության այս լաբիրինթոսում հայտնված ժողովուրդը  պետք է վերագտնի  իր մեջ պայքարելու կամքը, պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը կարող են գոյատևել մայն միասնաբար, ձեռք ձեռքի տված»,-ասել է Հ. Գրիգորյանը:
 
Հանրահավաքի ընթացքում երիտասարդները ռուսերենով և անգլերենով կոչեր են հղել միջազգային հանրությանը:
 
 

  • Կիսվել: