հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գարիկ Գալեյանին ազատ են արձակում. Ղազինյան

Գարիկ Գալեյանին ազատ են արձակում. Ղազինյան

Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։

Բոլորիդ անչափ շնորհակալություն, որ կանգնեցիք, մնացիք ձեր ընկերոջ համար։ Հանգիստ շունչ քաշեք, շուտով ձեր ընկերը կլինի մեր կողքին՛՛։

Ղազինյանը նշեց, որ դեռ հստակ չէ՝ կիրառվել է պատգամավորական երաշխավորագիրը, թե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին։

Նշենք, որ մինչեւ հիմա զոհվածների ծնողները ՔԿ զինվորական վարչության բակում են եւ պահանջում են ազատ արձակել Գարիկ Գալեյանին եւ Արթուր Գալեյանին։

Ղազինյանը նշեց, որ զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նաեւ Գարիկ Գալեյանի եղբորը՝ Արթուր Գալեյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:

  • Կիսվել: