ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմաարդյունաբերության կոմիտեն ՊՆ-ից կփոխանցվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմ

Ռազմաարդյունաբերության կոմիտեն ՊՆ-ից կփոխանցվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմ

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեն փոխանցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածք։

Նախագծերի փաթեթը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է հստակ տարանջատել ու սահմանել Ռազմաարդյունաբերական ոլորտի լիազոր մարմնի և ռազմաարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները։

Փոխնախարարը ներկայացրեց, որ նախկինում ռազմաարդյունաբերության ոլորտը համակարգվել է ՊՆ-ի կազմում առանձին վարչության կողմից, այժմ սակայն ոլորտը համակարգելու է կոմիտեն։

«Ռազմաարդյունաբերական համալիրի ուժերը մենք կկարողանանք օգտագործել ոչ միայն Պաշտպանության նախարարության կարիքների համար, այլ մի շարք մարմինների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության, որոշ մասով՝ ԱԻՆ-ի։ Երբ կոմիտեն գտնվում էր ՊՆ-ի համակարգում պատվիրատուն և կատարողը նույն մարմինն էր, այսպիսով անջատելով այս մարմինները միմյանցից՝ մեծացնում ենք համալիրի արդյունավետությունը», -հայտարարեց փոխնախարարը՝ նշելով, որ փոփոխությունները զուտ կառուցվածքային են։

 

Հանձնաժողովը միաձայն ընդունեց նախագծերի փաթեթը, որը կքննարկվի վաղը մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում։

  • Կիսվել: