շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան

«Հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան

՛՛Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին՛՛ հարցազրույցների շարքի հինգերորդ մասում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, թե Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա։

Սարգսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որեւէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Հիշում եք՝ Ալիեւն ասաց, որ փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Իհարկե, այս հայտարարությունը շատ ուղիղ ձեւով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին՛՛։

Անդրադառնալով հարցին՝ Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որեւէ այլ բարելավում բանակցային գործընթացում՝ Սարգսյանն ասաց, որ մեր դիվանագիտական հաջողություններից էին նաեւ, անշուշտ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։

՛՛Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը՛՛,-նշեց նա։

Ինչ վերաբերում է այն բանին, թե հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի, նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց՝ անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի քննության միջազգային մեխանիզմներ։

՛՛Սա չափազանց կարեւոր ձեռքբերում է։ Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները, եւ թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՛՛հեղափոխական իշխանություններն՛՛ անտեսեցին եւ չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ թաքցնելու ոչինչ չունի:

  • Կիսվել: