կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
Գուցե թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն. Համլետի հայրը հրդեհի պաշտոնական վարկածին հակասող փաստեր է տեսնում

Գուցե թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն. Համլետի հայրը հրդեհի պաշտոնական վարկածին հակասող փաստեր է տեսնում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Համլետ Դավթյանի հայրը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի, հրդեհը բռնկվել է կապիտանի անզգուշության հետեւանքով, երբ նա 5 լիտրանոց բենզինով տարան լցրել է վառարանի մեջ։

«Ես կարծում եմ, որ երեխաներին սպանել են։ Միտումնավոր են արել։ Չգիտեմ՝ ինչու, ով կամ ովքեր, եթե իմանամ, իմ սեփական ձեռքերով կսպանեմ։ Դիահերձարան մտած հարազատներս տեսել են, որ Համլետս եւ տղաներից մի քանիսը կոշիկներով, եւ զինվորական վերարկուներով են եղել։ Իրենք ինչքա՞ն պետք է հոգնած լինեին, որ բոլորով առանց հանվելու միանգամից պառկեին քնելու։ Գոնե մի քանիսն արթուն կմնային։ Բոլորով եկել են ու միանգամից քնե՞լ։ Գուցե՝ թույնել են ու վառել, որ հետքերը վերացնեն։ Եթե ասեղը մտնում է մատդ, ցա՞վ ես չէ զգում, բա ինչպե՞ս էր հնարավոր կրակը հասներ տղաներին, մեկը չարթնանար։ Սա սարքած գործ է, ամեն օր խաբում են, խաբում, բայց էլ չեն կարող խաբել։ Հոգեհանգստի օրը եկան Պաշտպանության նախարարությունից մի քանի պաշտոնյաներ, եղբայրներս հարցեր տվեցին, չկարողացան պատասխանել, ասացին՝ քննում ենք, գնացին։ Վարչապետն արդեն ասել-հաստատել է, ի՞նչ ասեին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համլետի հայրը՝ Սպարտակ Դավթյանը։

Համլետն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքից մեկ օր առաջ՝ հունվարի 18-ին։ Զրուցել է հորեղբոր որդու՝ Դավիթի հետ։

«Մի քանի օրից հարազատ եղբորս բանակի քեֆը պետք է լիներ, ասացի՝ կկարողանա՞ս մասնակցել, ասաց՝ սպասիր, տեսնենք՝ ինչ է գալիս մեր գլուխը։ Ոնց որ ինչ-որ բան զգար, վերջին մի քանի օրերին միշտ տխուր էր։ Նախորդ օրն էլ իրենց հեռախոսներն էին հավաքել»,- պատմեց Դավիթ Դավթյանը։

Համլետի թե հայրը, թե հորեղբոր որդին նշում են՝ զինակից ընկերների հետ Համլետը շատ ընկերական հարաբերություններ է ունեցել, խնդիրներ չեն եղել։ Ընտանիքը Համլետին այցելության գնալու ընթացքում կացարան չի մտել, բայց իմացել են, որ տղաները նվազագույն պայմաններից զուրկ են։ Այցելության ընթացքում Համլետի հայրը չի տեսել այն կապիտանին, որի անզգուշության հետեւանքով է, ըստ պաշտոնական վարկածի, տեղի ունեցել ողբերգությունը։

«Կապիտանի մասին մեզ հետ չի խոսել։ Տղաներից էլ չի բողոքել, սիրում էր նրանց։ Իրենք վատ պայմաններում են եղել, լողանալու համար ջուրը դրսից են բերել։ Գազ չեն ունեցել, վառարանով են տաքացել, որի համար փայտն էլ սեփական ձեռքերով են հավաքել ու կտրել»,- նշեց Դավիթը։

Համլետի հայրը կարծում է՝ եթե կացարանը ճաղավանդակներ չունենար, տղաները գուցե կարողանային ձեռքերով կոտրել ապակին, ու գոնե մի քանիսը կփրկվեին։

«Սեպտեմբերյան մարտերից հետո, երբ որդուս զորամասը պայթեցրել էին, իրենք տեղափոխվել էին այդ կացարան, բայց դա կացարան չէր, գոմ էր։ Տղաներն իրար հետ էին ամեն ինչ անում այդտեղի համար»,- ասաց Համլետի հայրը։

Համլետի մայրը՝ Լուսինեն, 2018 թվականին է մահացել, ավագ քույրերն ամուսնացած են։  Հիմա Մարտունի քաղաքի իրենց տանը միայնակ է մնացել Համլետի 52-ամյա հայրը, որը որդու վերադարձի հետ շատ նպատակներ էր կապում։

«Իմ որդին շատ համեստ, բարի, լուսավոր տղա էր։ Իր նպատակն ուղղակի ապրելն էր, կյանքը շարունակելը։ Պատկերացնում էի, որ տղաս գալու է, սովորելու է, լավ ծրագրավորող է դառնալու, սիրահարվելու է, ամուսնանալու, թոռներիս եմ մեծացնելու։ Իսկ հիմա տանս բան չի մնացել, դատարկ է։ Տունս քանդվավ։ Եթե հիմա սրտիս դանակով խփեք, արյուն չի գա․․․»-, ասաց Սպարտակ Դավթյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

  • Կիսվել: