Աբազյանը հայտնեց ԱԱԾ սահամանապահ զորքերում կին զինծառայողների թվի ավելացման մասին
2023 թվականի ընթացքում գլոբալ անկայունության հետևանքով, ՀՀ անվտանգային միջավայրի պարբերաբար ձևավորման պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն շարունակել է իրականցնել իր առջև դրված խնդիրները։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ մարմիններում շարունակվել են աշխատանքները տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործման ուղղությամբ։
Ըստ Աբազյանի՝ 2023 թվականի ընթացքում շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահամանապահ ուղեկալներ և պարետատներ։ Սարքավորումներով հագեցվել և կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման տեխնիկական հագեցման և կահավորման այլ աշխատանքներ։
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահամանպահ զորքերի կառավարում ցիկլը, որտեղ ուսումնասիրություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները։ Սահամանապահ զորքերում 2022 թվականի համեմատ կին զինծառայողների թիվը ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021 թվականի համեմատ՝ 20 տոկոսով»,-ասաց նա։
Բացի այդ՝ Աբազյանը նշեց, որ 2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է փուլային եղանակով։ Մինչև 2023 թվականի ավարտը ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20տոկոսը ։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինում շուրջ 57 տոկոսով։
«2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ սահամանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն»,-ասաց Աբազյանը: