շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թ. ներառյալ լուծենք. Փաշինյան

Գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թ. ներառյալ լուծենք. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Արցախի ՊԲ հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր, որտեղ անդրադարձավ զինված ուժերում կատարվող և ապագայում նախատեսված փոփոխություններին:

Վարչապետն ընդգծեց զինվորների ծառայության բարելավման համար ավելի քան 2 մլրդ-ի հատկացումը՝ մասնավորապես շեշտելով զինվորների սննդի որակի բարձրացումն ու դրա ազդեցությունները: Նախ, ըստ Փաշինյանի՝ սննդի որակի բարձրացումը ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը զինվորին, բացի այդ՝  սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալն էլ չեն ուղարկում: Սա, նրա խոսքով, նաև սոցիալական ազդեցություն է:

Վարչապետն անդրադարձավ նաև զինծառայողների հագուստին ու կոշիկին՝ ասելով, որ այստեղ իրենց ուզած որակը դեռ չի ապահովվում, սակայն առաջընթաց կա, ինչպես նաև առաջընթաց կա ենթակառուցվածքների բարելավման հարցում: Նա նշեց նաև, որ բոլոր փոփոխությունները շարունակական են լինելու:

Փաշինյանն այս համատեքստում ընդգծեց դիրքերը խմելու ջրով, էլեկտրաէներգիայով ապահովելու գործընթացը:

Վարչապետը շեշտեց նաև սպայական կազմի աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև խոսեց   սպառազինության ձեռքբերման առումով մեկուկես տարվա ընթացքում ունեցած հաջողություններից:

Նա կարևորեց նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդիրի լուծումը: «Արցախի իշխանության հետ ունենք պայմանավորվածություն, որ գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թ. ներառյալ լուծենք»,-ասաց վարչապետը և հավելեց. «Զինվորն ամենահեռավոր մարտական հետանեկում պետք է զգա իր կողքին կառավարության, ժողովրդի, հայրենիքի ներկայությունը: Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա, ամեն ամսվա, տարվա, ամեն դարի հետ, ու այդպես շարունակվելու է հավերժ»:

  • Կիսվել: