հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի ՄԽ-ն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում. Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի ՄԽ-ն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում. Ջուլֆալակյան

Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ԱՊՕՐԻՆԻ, ՀԱԿԱՍՊՈՐՏԱՅԻՆ, ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ որոշում... Այս մասին գրել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով

Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։
Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։

Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի

Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել ու՞ր են շտապում կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն...

Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։

Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։
Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն»:

  • Կիսվել: