ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԶԼՄ-ները խնդիրներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնարարդյունքում գոհ եմ այդ պրոցեսից. Փաշինյան

ԶԼՄ-ները խնդիրներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնարարդյունքում գոհ եմ այդ պրոցեսից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել էր ԶԼՄ ներկայացուցիչներին և ընդունելության ժամանակ նախապես շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Փաշինյանն ասաց, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում ինքը շատ գոհ է այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար՝ խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։

Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել քան երբեւէ. «Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել այդ հայտարարությունը։ Այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ, երբ մենք  օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակության ուղեկցող լրագրողների, եւ ես միշտ խոսակցությունը սկսում եմ այս հարցով՝ արդյոք լրագրողների եւ լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ սահմանափակվո՞ւմ է։ Ուրախ եմ արձանագրել, որ դեռեւս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել»։

Վարչապետն ընդգծեց, որ շատ է բարձրացվում այն հարցը, թե սոցիալական ցանցերում ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները եւ լրագրողները. «Դա լուրջ խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ այս առումով Կառավարությունը եւ ես անձամբ գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները։ Պատրաստ եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով։ Լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումների կամ գործունեությանը խոչընդոտող դեպքեր են, ցավոք սրտի, արձանագրվել։ Ընթանում է հետաքննություն եւ ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Հնչում են կարծիքներ, թե այդպիսի հարձակումները կամ երեւույթները ուղղորդվում են կամ կազմակերպվում են իշխանությունների կողմից, ես կարող եմ ասել, որ այդպիսի բան  չի կարող լինել, եւ բացառվում է նման դրսեւորում»։

Նա անդրադարձավ նաև լրատվամիջոցների եւ Կառավարության հարաբերություններին՝ ասելով. «Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարեւորագույնին՝ հասնել Կառավարության գործունեության հարյուր տոկոսանոց թափանցիկության։ Հանկարծ չմտածեք, թե Կառավարության գործունեությունը հարյուր տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար։ Ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որեւէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել։ Լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որ առավել թափանցիկ լինենք որպես Կառավարություն՝ հանրության առաջ»։

Ըստ Փաշինյանի՝ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ Կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ. «Չեմ ուզում, որ ուղղակի տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ՝ ամեն ինչ պետք է թողել հենց այնպես ինչպես կա, որովհետեւ եթե մենք կարեւորում ենք իշխանության թափանցիկությունը, եւ այդ թափանցիկությունն ապահովող գործիքը լրատվամիջոցներն են, հարց՝ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի ԶԼՄ-ներից»։

  • Կիսվել: