երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի. Բաթոյան

Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի. Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կողմ է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը: Նա այդ մասին ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի: Անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետև, մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:  

Ըստ նրա՝ առողջության պարտադիր ապահովագրությունը սոցիալական լուրջ ներդրում է:

«Գուցե մենք այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք, բայց սոցիալական ոլորտում լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել, որովհետև աղքատության կրճատման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են և մարդիկ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»,- նշել է  Բաթոյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության փաթեթ՝ առաջարկելով աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահել ամսական 6 տոկոս առողջության հարկ:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նա տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք:

  • Կիսվել: