երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի հայերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ սենատորներին. միջոցառում դեսպանատան մոտ

Ուկրաինայի հայերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ սենատորներին. միջոցառում դեսպանատան մոտ

Ուկրաինայի հայերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման կապակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ դեսպանության շենքի մոտ տեղի է ունեցել «Մենք շնորհակալություն ենք հայտնում» ակցիան: Միջոցառմանն աջակցել են Ուկրաինայի Հայերի միությունը, Կիեւի հայ համայնքը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգեւորականությունը:

ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Հայ երիտասարդների միության նախագահ Արթուր Սարգսյանը հանդես են եկել ողջույնի ելույթով՝ նշելով ԱՄՆ Սենատի որոշման նշանակությունը: Ակցիայի մասնակիցները հանդիսավոր պայմաններում հանձնել են Ուկրաինայի Հայերի միության շնորհակալության նամակը:

Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մենք ԱՄՆ Սենատին խորին շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդի ողբերգության միաձայն ճանաչման համար եւ ապագա համագործակցության հույս ունենք: Մենք վստահ ենք, որ այս խիզախ քայլը կարեւոր դերակատարում կունենա ինչպես հայերի կյանքում, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: №2254а օրինագծի նախաձեռնողներն էին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանը:

  • Կիսվել: