երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սրա նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ-ն՝ ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու մասին

Սրա նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ-ն՝ ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու մասին

ՀՅԴ Նիկոլ Աղբակյան ուսանողական միությունը հայտարարություն է տարածել այսօր ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ:

 Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ:

Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։

Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։

Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության» մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։ Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։

Նշենք նաև, որ նա ազատ է արձակվել և ասել, որ իր փաստաբանի հետ բողոքարկելու է իրեն բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ, իր խոսքով, փորձ է արվել ապօրինի գործողությությունների միջոցով իր անունը վարկաբեկել: 

  • Կիսվել: