երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սկզբում բերման ենթարկեցին որպես կասկածյալ, հետո հարցաքննեցին որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Սկզբում բերման ենթարկեցին որպես կասկածյալ, հետո հարցաքննեցին որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Ինձ բերման են ենթարկել այն պատճառով, որ համալսարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև ԵՊՀ ՈՒԽ-ի անդամներից մեկը, սակայն այդ անձին չեմ ճանաչում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Այս ամենը օրինական չէր, ինձ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու ենք։ Ես նրանց ներկայացրի, որ չեմ ճանաչում, որոշ ժամանակ անց իրավապահ մարմիններից մեկը դուրս եկավ, ենթադրում եմ՝ հեռախոսով խոսեց, հետ եկավ և ասաց, որ պետք է ինձ բերման ենթարկեն։ Դա տարօրինակ էր, ես նրանց հարցրի, թե ինչ հիմքով են ինձ բերման ենթարկում, ծանուցման կամ որոշման օրինակ ուզեցի, որևէ բան ցույց չտվեցին»,- ասաց նա։

Ափոյանը ներկայացրեց, որ փաստաբանի հետ խոսել է, և փաստաբանն ասել է, որ խնդիր չկա, բայց, ըստ նրա, համալսարանից ոչ մի ուսանողի, հատկապես ՈՒԽ-ի նախագահին չպետք է այդ կերպով բերման ենթարկեն։ Նրան սկզբում որպես կասկածյալ են տարել, սակայն հարցաքննվել է որպես վկա։

«Ես ուսանողական խորհրդի պարգևատրման ժամանակ բեմում կանգնած եմ եղել, 200 ուսանողի ներկայությամբ ինձ, որպես վկա կանչում են հարցաքննության․ սա ծիծաղելի է։ Նրանք անհիմն են ինձ բերման ենթարկել»,- նշեց Ափոյանը։

  • Կիսվել: