երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզում «Վազ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Շիրակի մարզում «Վազ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Ապրիլի 9-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Սահակյանը իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի - Հայկավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հ. Գրիգորյանի գլխավորությամբ։Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Բարեբախտաբար, վթար-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Տեղում «Նիվայի» վարորդ Վ. Սահակյանը հայտնել է, որ վթարի պատճառը հանդիսացել է հանդիպակաց երթևեկող՝ Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Հայկ Ասլանյանի կողմից վարած ավտոփոխադրիչ (էվակուատոր) «Գազ-33021» ավտոմեքենան։

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

  • Կիսվել: