կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական ապատեղեկատվության մարտահրավերները Հայաստանում

Ռուսական ապատեղեկատվության մարտահրավերները Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի պետական տեղեկատվական քաղաքականությունը հյուսվում է ոչ միայն Մոսկվա-Երևան առանցքի շուրջ, այլև թիրախում ունի Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Արևմուտք (ԵՄ, ԱՄՆ) հարաբերությունները և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։

(Ապա)տեղեկատվական-քարոզչական թեզերով Մոսկվան պարտադրում է իր գնահատականը ռազմավարական գործընկեր ու ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի նկատմամբ արված քայլերի կամ դրանց բացակայության և Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության կամ նրանց անգործության վերաբերյալ։ Այս թեզերը տարբեր մեթոդների և դերակատարների կիրառմամբ ներմուծվում են հայկական դաշտ՝ ազդելով հանրային տրամադրությունների վրա։

Թեզ 1. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների չիրականացման մեղավորը Երևանն է

 Ռուսական կողմը գտնում է, որ Եռակողմ հայտարարությունների դրույթները կյանքի չեն կոչվում Երևանի գործողությունների անհետևողականության, ոչ թե Մոսկվայի վարած քաղաքականության պատճառով։

Թվարկելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «բոլոր առանցքային ոլորտները»՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և հասարակության և փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում, Մոսկվան այլևս չի նշում Լեռնային Ղարաբաղի մասին, որն առաջին եռակողմ հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  փաստաթղթի բովանդակային անկյունաքարն էր։

Ավելի՝ բառացիորեն կրկնելով ադրբեջանական տեսակետը՝ ՌԴ-ն Արցախում սեպտեմբերյան իրադարձությունների մեջ ուղղակիորեն մեղադրում է Հայաստանին, որը «Լաչինի միջանցքն օգտագործել է Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները և չի ցանկացել ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից՝ մեծապես հանգեցնելով այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած բախումներին»։

Լաչինի միջանցքը նոյեմբերի 9–ի Եռակողմ հայտարարությամբ գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո և Արցախի պաշտպանության բանակը միջանցքում որևէ ներկայություն չի ունեցել։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ էր երկու կողմից։ Խաղաղապահներն Արցախ էին մուտք գործում և դուրս գալիս ադրբեջանական կողմի համաձայնությամբ, իսկ նախորդ տարվա հունիսին Ադրբեջանն արգելել էր նաև խաղապահների մուտքն ու ելքը։

Մոսկվան սեպտեմբերյան իրադարձությունն անվանում է «բախումներ», որի մեղավորը ՀՀ-ն էր։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ԼՂ վրա հարձակում պատրաստվելու մասին նախապես տեղեկացվել էր ռուսական կողմը, որը չի կանխվել։

ՀՀ-ն իր վերջին ստորաբաժանումները Արցախից հանել էր 2022 թվականի հուլիս-սեպտեմբերին՝ շրջափակումից ամիսներ առաջ։ Իսկ սեպտեմբերի 19-20-ի հարձակման ժամանակ Հայաստանի կողմից ոչ մի տեսակի ռազմական օգնություն չի ցուցաբերվել Արցախին։ 24 ժամ տևած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը պատերազմել է բացառապես սեփական ռեսուրսներով՝ունենալով 223 զոհ, 244 վիրավոր, 20 անհետ կորած, 23 գերեվարված անձ՝ բոլորը Արցախի քաղաքացիներ։

Ուշագրավ է, որ Մոսկվայի կողմից ոչ մի հիշատակում չկա Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությունների խախտումների վերաբերյալ։ Ոչ մի մեղադրանք։ Հակառակը, կան ի պաշտպանություն Ադրբեջանի արված հայտարարություններ։ Օրինակ՝ Լաչինի միջանցքը փակ չլինելու և ադրբեջանական քարոզչական այլ թեզերը կրկնելը միջազգային ամենաբարձր ամբիոնից՝ ԼՂ-ում իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստերին։ 

Թեզ 2. Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը

«ԵՄ-ը «լուռ հետևում էր», թե ինչպես են ռուս խաղաղապահները միջնորդում հրադադարի հաստատմանը, մարդասիրական օգնություն տրամադրում», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ընդգծելով, որ Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը։

Եվրամիությունը՝ որպես միջազգային դերակատար ու միջնորդ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, համարժեք չի արձագանքել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի խախտումներին, ուժի կիրառմանն ու էթնիկ զտումներին և բավարարվել է միայն դրանց արձանագրմամբ։ Սակայն, Եվրամիությունը, ի տարբերություն Ռուսաստանի, Արցախում խաղաղության պահպանման հարցում իրավապայմանագրային պարտավորություններ չի ունեցել, քանի որ Եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում տեղակայվել էր  ՌԴ խաղաղապահ համակազմ, ոչ թե ԵՄ առաքելություն։

Թեզ 3. Հանուն ԵՄ առաքելության՝ հայկական կողմը հրաժարվել է ՀԱՊԿ մեխանիզմներից

 022թ. սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումից անմիջապես հետո, Երևանը դիմել է Ռուսաստանին՝ առկա երկկողմ համաձայնագրերով և ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածով՝ ակնկալելով ռազմական օգնություն։

Հայկական կողմը ՀԱՊԿ դիտորդներին սպասում էր սեպտեմբերի 15-ին, սակայն Երևանի աջակցության դիմումին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը Հայաստան է ուղարկել մոնիթորինգային խումբ և կազմակերպության գլխավոր քարտուղարին։

Մինչդեռ ԵՄ դիտորդների հարցը Պրահայում քննարկվել է հոկտեմբերի 6-ին, իսկ դիտորդների առաջին խումբը ժամանել է Հայաստան մեկ շաբաթ անց։

Թեզ 4. Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է  Ադրբեջանի կազմում, ինչն արմատապես փոխել է իրավիճակը

 «Հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունը Ադրբեջանին և Եվրամիության խորհրդականների դրդմամբ «մոռանալով» գոնե նշել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։

Այդ հայտարարությունը փոխել է Հայաստանի դիրքորոշումը, բայց ոչ՝ տեղում իրավիճակը։ Պրահայի հանդիպումից հետո ԼՂ-ի պետական ինստիտուտները շարունակել են իրենց գործունեությունը, ինքնորոշման իրավունքի սուբյեկտը՝ Արցախի ժողովուրդը, շարունակել է ապրել այն տարածքում, որը Մոսկվան իր խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է համարում։

Իրավիճակը 180 աստիճանով փոխվել է 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը հարձակվել է ԼՂ-ի վրա՝ խախտելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 1-ին դրույթը, որով կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Այդ հարձակումից հետո բանակը զինաթափվել է, իսկ ժողովուրդը՝ բռնագաղթել։

Թեզ 5. ԼՂ-ում էթնիկ զտում չի եղել, ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ձախողվել

 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան։

ՄԱԿ ԱԽ-ի փաստաթղթերում (S/25274S/1994/674) էթնիկ զտումը նշանակում է տարածքը էթնիկապես միատարր դարձնել ուժի կիրառմամբ կամ ահաբեկմամբ` տվյալ խմբերի անձանց տարածքից հեռացնելու համար, ինչը և կատարվել է սեպտեմբերին։

Համաձայան միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերի՝ շրջափակումը, որում Լեռնային Ղարաբաղը գտնվել է ավելի քան ինն ամիս, նույնպես էթնիկ զտման միջոց է։

Կեղծ է նաև Զախարովայի այն պնդումը, թե միջազգային ոչ մի կառույց չի արձանագրել ԼՂ-ում էթնիկ զտումը։ Եվրոպական խորհրդարանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունած բանաձևում հստակ նշել է, որ էթնիկ զտում է եղել։

Հատկանշական է, որ ՌԴ ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով շարունակում է ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի գործունեության լուսաբանումը։ Ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության՝ խաղաղապահները 2024 թվականի հունվարի 9-ի դրությամբ «շարունակում են առաջադրանքներն իրականացնել 18 դիտարկման կետերում»  և «ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը և մարդասիրական իրավունքի պահպանումը»։

Կարմիր խաչի 2023 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով` Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչությունը կազմում է շուրջ 20 մարդ, մեծամասամբ՝ ծերեր ու անկողնային հիվանդներ։

ՌԴ ՊՆ կայքում խաղաղ բնակչության զանգվածային բռնագաղթի վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա։ Միայն սեպտեմբերի 25-ի տեղեկագրում նշվում է երեք շարասյուն խաղաղ բնակիչների՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան ուղեկցելու մասին։

Ուշագրավ է, որ ռուսական թեզերում հիմնականում տարածված են ճշգրիտ տեղեկատվությունը հանրությանը ապակողմնորոշիչ, մանիպուլյատիվ ձևակերպումներով մատուցելու, իրադարձությունները ժամանակագրորեն դիտավորյալ խառնելու, տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելու դեպքերը։

 

Անուշ Ղավալյան

  • Կիսվել: