Փոխոստիկանապետը «գործ տվողի» հարցերն ընդունեց որպես հաղորդում
Այսօր Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերին նվիրված հանրային քննարկմանը մի քաղաքացի ներկայացավ որպես «գործ տվող» և ասաց, որ ամենամեծ խնդիրը մեր ոստիկանական համակարգի սխալ արժեհամակարգն է:
Նա, մասնավորապես, նշեց. «Երբ որ նույնիսկ ոստիկանապետին բարձրաձայնում ենք, որ, ենթադրենք, տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչու ոչ մեկը քայլ չի ձեռնարկում, ինքն ասում է` «տուն են պահում»:
Երբ որ վարորդը ոստիկանի թույլտվությամբ կանգնում է զեբրի վրա, ոստիկանը համարում է, որ իր գործը ոչ թե օրենքները պահելն է, այլ ղեկավարել օրենքը՝ սեփական տնօրինությամբ:
Երկրորդ խնդիրը ոստիկանների քանակն է, եթե գործառույթները փոխվեն, կարծում եմ` չի հերիքելու Երեւանին, որովհետեւ մոտավոր հաշվարկներով այսօր գործում է օրական 150 հոգի, սակայն նույն Վրաստանում, երբ պատրուլի անցան, այնտեղ մոտավորապես 400 հոգի օրական պետք լիներ:
Եւ երրորդ հարցը՝ քաղաքացիական վերահսկողություն պետք է սահմանել, որով պետք է ոչ միայն վերահսկվի օրնախախտ քաղաքացին, այլ նաեւ կվերահսկվի օրինախախտ ոստիկանը, օրինակ Նալբանդյան փողոցում` ոստիկանության շենքի մոտ սխալ կայանված է մեքենան եւ ոչ մի վերահսկողություն չկա»:
Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանն ասաց, որ քաղաքացու ներկայացրած առաջին եւ երրորդ հարցերը կընդունի որպես հաղորդում: