շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Էլվինդ Վադ Պետերսոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես նորվեգացիներ Ֆրիտյոֆ Նանսենի և Բոդիլ Կատարինե Բյորնի հայանպաստ գործունեության մասին:

Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նորվեգիայից ժամանած պատվիրակության անդամները առանձնակի ուշադրությամբ ծանոթացան նրանց այցի կապակցությամբ բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի օրագիրը, անձնական իրերը, փաստաթղթերը և Հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականներին տրված նանսենյան անձնագրերից մեկ օրինակ:

Ցուցադրությանը ծանոթանալուց հետո պարոն Էլվինդ Վադ Պետերսոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Այցի ավարտին հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում»,- ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: