կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոր տարվա գիշերը օրհներգը եթեր չհեռարձակելու համար վաղը ՀՌՀ-ում վարույթ կսկսվի

Նոր տարվա գիշերը օրհներգը եթեր չհեռարձակելու համար վաղը ՀՌՀ-ում վարույթ կսկսվի

Հանրային և մյուս մասնավոր հեռուստաընկերությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվի հունվարի 1-ին ժամը 00:00-ին ՀՀ օրհներգը եթեր չհեռարձակելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստառադիո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պարզաբանելով, որ օրհներգը չհեռարձակելու դեպքում օրենքով սահմանված տույժ-տուգանք չկա:

Թեև նշենք, որ ՀՀ օրհներգի մասին օրենքում նշված է, որ օրհներգը հեռարձակվում է Հայաստանի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր: Օրենքում հատուկ նշված է, որ Ամանորի գիշերն այն հեռարձակվելու է Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենքի պահանջ կա, որ այն հեռարձակվի, բայց օրենսդրական բաց կա, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը, եթե այն չհեռարձակվի: Հիշեցնենք, որ քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ քննադատեցին այն փաստը, որ Ամանորի գիշերը Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձից հետո «Առաջին ալիքը» չհեռարձակեց ՀՀ օրհներգը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ Հ1-ից զատ նաև մյուս ՀԸ-ներն են վարչապետի ուղերձից հետո միանգամից ամանորյա համերգի առաջին կատարումը հեռարձակել: Այնուհանդերձ, վաղը ՀՌՀ-ում նիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն:

Տիգրան Հակոբյանն ասում է, որ ՀՀ օրհներգը ֆիքսված ժամի հեռարձակելն անհեթեթ է: «Ուղիղ եթերներին խանգարող, այսօրվա տեխնոլոգիաներին դեմ մի բան է: Ճիշտ եք ասում, որ օրենքով նախատեսված է, բայց խախտման դեպքում սանկցիա չենք կարող կիրառել: … Դա փնթիություն է, երբ Հանրայինում պլանավորում էին եթերը, պետք է իրավաբանն ասեր՝ գիտեք 12-ին պետք է օրհներգը հնչի: Եթե վարույթը բացվի, ապա մենք միայն կարող ենք ՀԸ-ներին զգուշացնել, որ այդպիսի բան չի կարելի անել, ինչը կարող ենք նաև առանց բացելու ասել: Այս խախտման համար որևէ տուգանք չկա»,- ասաց նա:

  • Կիսվել: