Մոլորյալը գտնվեց. զորամասն ինքնակամ լքած զինվորին հայտնաբերել են ընկերոջ տանը
ՌՈ աշխատակիցները մեծ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 24-ին տեղեկություն տարածվեց, որ արդեն 5 օր է` ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ժամկետային զինծառայողն անհետացել է։ Տեղեկությունը արագ տարածվեց հայկական լրատվամիջոցներում, ինչի կապակցությամբ Արծրուն Հովհաննիսյանը նման գրառում էր կատարել. «Բաքվում շատ սիրված հայկական "լրատվամիջոցներից" մեկը այսօր կրկին "փայլել" է: Թե բա զինվորի ազգականը զանգել է....: Այ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները, Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառուցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ում համար է?????: Որ պատկան մարմինն է նոր միայն զբաղվելու, ով որ պետք է զբաղվեր օր ու գիշեր զբաղվում է»: