երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
«Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում

«Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում

Քաղաքացիները փակել են Ազատության պողոտան:  Նրանց ձեռքին կան Հայաստանի եւ Արցախի դրոշներ: Անհնազանդության ակցիայի մասնակիցները բարձրախոսով դիմելով վարորդներին՝ հայտարարում են. «Հարգելի հայրենակիցներ, ձեր հայրենիքն են հանձնում: Դուք ասում եք՝ աշխատանքի ենք գնում: Վաղը այդ աշխատանքը չեք ունենալու: Միացեք անհնզանդության ակցիաներին»:

Նշենք, որ փողոցներ են փակվել նաեւ այլ վայրերում, այդ թվում մարզերում:  Մասնավորապես, այս պահին փակվել է Երեւան-Արարատ ճանապարհը: Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, քաղաքացիները չեն համաձայնում: 

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Վստահ ասում եմ՝ մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր ամենաշատը, առավել ժամանակ չկա, որքան օրինական ճանապարհը ժամանակ պահանջելու է, այդպես էլ լինելու է, խոստանում եմ ձեզ ոչ մի ամիս, ոչ երկու ամիս, ոչ հինգ ամիս, կոնկրետ գործողությունները կանենք, կոնկրետ արդյունքներն էլ կստանանք, բայց պետք է միասին անենք»:

Ավելի ուշ նա մի շարք ընդդիմադիր պատգամավորների հետ գնացել էր հյուրանոցներից մեկը՝ քննարկում ունենալու: Նրա կողքին էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներից Արմեն Ռուստամյանը, Ասպրամ Կրպեյանը, Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը: Կարճ ժամանակ անց նրանք դուրս եկան հյուրանոցից:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

  • Կիսվել: