կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը. Ժաննա Անդրեասյան

Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը. Ժաննա Անդրեասյան

Հանրային հարթակում բավականին ակտիվորեն քննարկվում է «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու հարցը: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին հաստատեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե մի շարք բողոքներ են հնչել առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու՝ ԿԳՄՍՆ-ի առաջարկի վերաբերյալ, և թե որն է փոփոխությունների նպատակը:

Նախարարը նախ հիշեցրեց, որ հարցը նոր չէ, որ քննարկվում է, մի քանի անգամ այն քննարկվել է մասնագիտական շրջանակների կողմից: Խնդիրների մասին բարձրաձայնել են ակադեմիական որոշ շրջանակներ՝ նշելով, որ հարցին անդրադարձել են դեռ անկախությունից հետո, երբ ընդհանրապես առարկայի վերաիմաստավորման խնդիր է եղել: Երկրորդ անգամ հարցն ավելի լայն քննարկվել է, երբ հանրակրթության պետական չափորոշիչն էր որոշվում:

«Այս բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ, որովհետև «Հայոց պատմություն» առարկան, որը ուսուցանվում էր, պետք է ունենար կոնկրետ նպատակ»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց՝ ապրում ենք ՀՀ-ում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը:

«Կուզեմ առանձնահատուկ ընդգծել, որ անհեթեթ են դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մաս: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ, և որ ամեն երկրում պատմության ուսուցանումն այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթացն է:

«Առաջնահերթ է, որպեսզի պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ դրանից, թե այդ ժամանակահատվածներում պետությունը եղե՞լ է, թե՞ չի եղել:

Ցավում եմ, որ ժամանակը կարճ է, կարող էի կոնկրետ օրինակներով ցույց տալ այսօրվա մեր դասագրքերի խնդիրները, որոնք հենց պետական մտածողության բացակայություն են սերմանում մեր աշակերտների մոտ, և այն լուծումները, որոնք կունենանք նոր տարբերակի պարագայում»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: