երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մաշադյանի ու ավտոներկրողների հանդիպումն ավարտվել է. պայմանավորել են կրկին հանդիպել

Մաշադյանի ու ավտոներկրողների հանդիպումն ավարտվել է. պայմանավորել են կրկին հանդիպել

Այսօր ավտոներկրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, պատասխանելով պնդումներին, թե ավտոներկրողները 100 դոլար շահույթ են ստանում, բայց 200 հազար դրամ հարկ վճարում, ասաց. «Քսան տոկոս ասում ենք, երբ պետական գրանցում չկա, եթե պետական գրանցում կա, քսան տոկոսը դրան չի վերաբերում»։

Մաշադյանը ներկրողներին մեղադրեց ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար և նշեց. «Ի սկզբանե կեղծ հաշիվ-ապրանքագիր եք ներկայացնում, սահմանին հարկ քիչ եք վճարում։ Ես կարծում եմ, որ պարտաճանաչ քաղաքացին ճիշտ ինվոյս կներկայացնի, ոչ թե կեղծ ինվոյս կներկայացնի, հետո կընկնի խնդիրների մեջ»:

Ի թիվս այլ խնդիրների՝ ավտոներկրողները նշեցին նաև, որ Գյումրիից Երևան տեղափոխելը խնդիր է, Գյումրիից Երևան տեղափոխելու համար վարորդները հավելյալ գումար են ուզում:

Պատասխանելով նրանց բողոքին՝ Մաշադյանն ասաց. «Եթե կան ներկրողներ, որոնք ապրում են Երևանում, և խնդիր է առաջանում, եկեք ֆիքսենք, որ հակառակն էլ կարող է լինել»:

Ավտոներկրողները նշեցին նաև, որ այն տեղը, որտեղ դատարկում են կոնտեյները, չի վերահսկվում։ Եթե դատարկվում է ավտոմաքսատան տարածքում, ուրեմն՝ պետք է վերահսկվի։

Ի պատասխան՝ Մաշադյանն ասաց․ «Ո՞ւմ կողմից պետք է վերահսկվի։ Ձեր բնակարանն էլ ձեր համատիրության տարածքում է գտնվում։ Այս տարածքը մաքսային մարմինների կողմից չի վերահսկվում, եթե գողություն է կատարվել, պետք է դիմել իրավապահներին»։

Ավտոներկրողներն առաջարկեցին Երևաում դատարկել կոնտեյները, այստեղ էլ իրականացնել զննումը, ինչին Մաշադյանն արձագանքեց, որ այդ առաջարկը կդառնա քննարկման առարկա։

Հանդիպման վերջում Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ Մաշադյանի հետ պայմանավորվել են նորից հանդիպել, քանի որ ոչ մի հարց չի լուծվել։

  • Կիսվել: