ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մարտունի քաղաքի բնակիչ Դավիթ Ասպատուրյանի ընտանիքում ծնվել է յոթերորդ երեխան

Մարտունի քաղաքի բնակիչ Դավիթ Ասպատուրյանի ընտանիքում ծնվել է յոթերորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներ, ամուսիններ Դավիթ և Տաթև Ասպատուրյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան՝ Մարին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ընտանիքի հայր Դավիթ Ասպատուրյանից, առաջնեկը 2009 թվականին ծնված Գրիգորն է։ Այնուհետև լույս աշխարհ են եկել Նարեկը, Մհերը, Արտաշեսը, Վանը, Մանեն և Մարին։ «Այս պահին մեր որդիները դպրոցականներ են. Գրիգորը սովորում է իններորդ, Նարեկը՝ յոթերորդ, Մհերը՝ հինգերորդ, Արտաշեսը՝ երրորդ և Վանը՝ առաջին դասարաններում։ Մանեն դեռ 4 տարեկան է։ Իմ պապ Ավդալ Ասպատուրյանի ընտանիքում մեծացել է ինը երեխա։ Այնպես որ, բազմազավակությունը մեր ընտանիքում ունի ավանդույթ ու պատգամ։ Իհարկե, հեշտ չէ յոթ երեխայի խնամքը, մանավանդ, որ մեր եկամտի հիմնական աղբյուրը գազի գրասենյակի փականագործի աշխատավարձն է ու պետության կողմից տրվող նպաստը՝ յուրաքանչյուր երեխային ամսական յոթ հազար դրամի չափով։ Սակայն մեր ազգի կենսունակությունը, նրա ապագան միշտ պայմանավորված կլինեն բազմազավակ ընտանիքներով»,-նշեց Դավիթ Ասպատուրյանը։

Մարտունու համայնքապետարանի սոցիալական բաժնի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Մարտունի քաղաքում յոթ երեխա ունեցող ընդամենը երկու ընտանիք կա, որոնցից մեկը Դավիթ Ասպատուրյանի, մյուսը՝ Արթուր Զաքարյանի ընտանիքն է։

  • Կիսվել: