երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռեկտությունից դուրս արտահայտություններ թույլ տված պատգամավորին խորհուրդ կտամ իր դեստրուկտիվ գործողություններին ուշադրություն դարձնել. Թորոսյան

Կոռեկտությունից դուրս արտահայտություններ թույլ տված պատգամավորին խորհուրդ կտամ իր դեստրուկտիվ գործողություններին ուշադրություն դարձնել. Թորոսյան

Մեր գերատեսչությունը պատշաճ կատարում է իր գործառույթները, իսկ մի պատգամավորի, ով իրեն կոռեկտությունից դուրս արտահայտություններ է թույլ տվել, այդ թվում իմ հասցեին, խորհուրդ կտամ առաջին հերթին սեփական դեստրուկտիվ գործողություններին ուշադրություն դարձնել, որոնց արդյունքում է նաև որ Վարդենիսի զինվորական հոսպիտալը և բժշկական կենտրոնը դեռ չեն միացել ու դեռ ունեն բազմաթիվ խնդիրներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք քայլ առ քայլ լուծում ենք մարզային առողջապահության խնդիրները, իսկ ոմանց՝ սեփական անձի կարևորությունն ընդգծելուն ուղղված խառնակչությունները միայն խանգարում են դրան:

Ցավալի դեպքի մանրամասները և մեր գործուղությունները ներկայացված են մեր պաշտոնական պարզաբանման մեջ: Առողջություն եմ մաղթում ծննդկանին և շնորհակալություն հայտնում բժիշկներին նրա կյանքի համար պայքարելու համար»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը մանրամասներ էր ներկայացրել Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված՝ երեխայի մահվան դեպքի մասին՝ նշելով.

«Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է:

«Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով:

Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատավել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:

Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային  պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով:

Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու  Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ  կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց  հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական»

  • Կիսվել: