երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կոնդեցիները քեզ աթոռից թռցնելու են». ակցիայի մասնակիցը՝ Ավինյանին

«Կոնդեցիները քեզ աթոռից թռցնելու են». ակցիայի մասնակիցը՝ Ավինյանին

Երեւանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց; Նրանք բողոքում են Կոնդ թաղամասն օտարելու եւ այնտեղ  նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու դեմ:

«Ավինյանը մեզ չի ընդունում, իրենց նամակների վարչության պետին է ուղարկել, եւ հայտարարում է, որ իրենց որոշումն անփոփոխ է: Մենք հիմա մեր ուժով ցույց կտանք, որ ամեն ինչ էլ փոփոխվող է: Մենք հիմա կբարձրանանք Կոնդ, կորոշենք՝ ինչ ենք անում եւ կսկսենք մեր պայքարը:

Ինձ ոստիկաններն ասացին, որ ձեզ ընդունելու են, մենք գնացինք, տեսանք, որ իրենց նամակների վարչության պետն է ու ասում է՝ մեզ ասեք, ինչն է խնդիրը: Ձե՞ռ եք առնում, մենք Ավինյանի խորհրդականին ամբողջը բացատրել ենք, ասել ենք, ու քանի որ իրենք հիմա չեն ուզում մեզ ընդունել: Ու քանի որ իրենք սենց են անում, մենք անցնում ենք պայքարի մյուս փուլին:

Ընտրարշավի ժամանակ պարոն Ավինյանը մեզ ասել է, որ ամեն ինչ անվճար է լինելու, բայց էնքան ձգեցին, հիմա էլ մեզ այսպիսի ծանր բեռի տակ են մտցնում»,-ասաց Կոնդի բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ՝ Գոհար Պողոսյանն էլ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց. «Իրեն ասեք, որ կոնդեցնիները քեզ աթոռից թռցնելու են, աթոռդ հետդ գերեզման չես տանելու: Էն ժամանակ, որ մենք իրեն պետք էինք, մեր ոտքերն ընկած խնդրում էր, որ իրեն ընտրենք, իսկ հիմա մենք իրան դուրս կշպրտենք: Ինչքան փողոցում քրչ ու փալաս կա, իր գլխին ենք տալու: Չի կարում աշխատի, թող ռադը քաշի գնա, զզվել ենք արդեն: Ով նստեց, մենակ իր մասին մտածեց: Նույն Ավինյանը կգա՞, մեր պայմաններում ապրի: Կոնդեցիներին խոստացավ, որ իրենց հարցը կլուծի ու Կոնդը մեկ մարդու պես իրեն ընտրեց: Սա՞ է իր հարց լուծելը: Ինքը մեզ խոսք տվեց, որ մինչեւ իր ընտրվելը պետք է մեր սեփականաշնորհման թղթերը տա, ո՞ւր է»:

Նշենք, որ քաղաքապետարանի նախորդ խորհրդակցության  ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:

Այժմ բնակիչները պետք է սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքների համար իրենց սեփական տան համար տուրք վճարեն՝ յուրաքանչյուր քմ-ի համար 2780 դրամ կամ 4280 դրամ: Այսինքն 100 քմ տարածքով տուն ունենալու դեպքում, բնակիչը պետք է վճարի 278-428 հազար դրամ տուրք:

  • Կիսվել: