երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կենսաթոշակը փուլային տարբերակով կվճարվի միայն անկանխիկ եղանակով

Կենսաթոշակը փուլային տարբերակով կվճարվի միայն անկանխիկ եղանակով

Կառավարության նիստում ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, որի նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

Աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:

Սակայն բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվո վճարների և այլ ծրագրերի վճարումներն անկանխիկ եղանակով կատարելը:

Հիմնավորման մեջ նշված է.

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Այդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով, իսկ 28.1-ին հոդվածի 6.1-ին մասի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով։

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում.

կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։

Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան ու դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ինչպես և կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում»,- ասված է հիմնավորման մեջ:

 

  • Կիսվել: