հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կենգուրուների անկման պատճառ կարող էր լինել մարդկային գործոնը

Կենգուրուների անկման պատճառ կարող էր լինել մարդկային գործոնը

«Մեկ Առողջություն» կոալիցիան հայտարարություն է տարածել, որում կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկման հավանական պատճառների մեջ չի բացառում նաև մարդկային գործոնը։

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․ «Հասանելի տվյալների նախնական հետազատության եւ վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ Կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկումը չէր կարող պայմանավորված լինել այգու աշխատակիցների կողմից բռնած շների հարձակումով կամ այդ շների կողմից հասցված մարմնական վնասվածքներով:

Ակնհայտ է, որ կենգուրուների դիերի վրա առկա առերեւույթ վնասվածքները կարող էին պայմանավորված լինել խոշոր առանձնյակներից կազմված շների ոհմակի կամ այլ տեսակի կենդանիների ոհմակի կամ մեկ առանձնյակի հարձակումով կամ մարդկային միջամտությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, «Մեկ Առողջություն» կոալիցիան կոչ է անում պատկան մարմիններին իրականացնել ստեղծված իրավիճակի բազմակողմանի եւ ԱՆԱՉԱՌ հետաքննութուն եւ հիմնվել ՄԻՄԻԱՅՆ փորձագիտական եզրակացությունների արդյունքների վրա:

«Մեկ Առողջություն» կոալիցիան շարունակում է հետեւել Երեւանի կենդանաբանական այգում եւ դրա շուրջ իրավիճակի զարգացմանը եւ դրան կանդրադառնա մոտ ապագայում»։

EcoNews.am-ի հետ զրույցում Երեւանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը ընդգծում է, որ ԵԿԱ հաղորդագրությունները չեն պնդել, որ հենց հայտնաբերված կենդանիներն են վնասել այգու բնակիչներին։Շուտով պատրաստ կլինի ՍԱՏՄ անասնաբուժական ծառայության կողմից իրականացված հետազոտության արդյունքները, ինչից հետո հավանաբար հնարավոր կլինի ասել ավելին։

  • Կիսվել: