շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարտոֆիլի բերքահավաքը նշանավորվեց «Մեծ փուռ- 2019» փառատոնի անցկացմամբ

Կարտոֆիլի բերքահավաքը նշանավորվեց «Մեծ փուռ- 2019» փառատոնի անցկացմամբ

Գավառի քաղաքային զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ-2019» փառատոնը, որը կրում էր «Հյուրասիրում են քյավառցիները» խորագիրը: Փառատոնը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակը։

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառի տարածաշրջանի բնակիչներ, հյուրեր Երեւանից ու ՀՀ մարզերից, ինչպես նաև՝ օտարերկրացի զբոսաշրջիկներ:

 

Փառատոնի ընթացքում ներկայացվեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական արտադրանքը: Հատկանշական է, որ փառատոնը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը: Այն անցկացվում է ամեն տարի, սա հինգերորդ «Մեծ փուռ»-ն էր:

 

Գեղարունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գավառի տարածքի համայնքապետարանների աշխատակիցները մեծապես կարևորեցին փառատոնի անցկացումը՝ նշելով, որ այն նպաստում է տուրիզմի զարգացմանը մեր երկրում:

 

Գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրությունից բացի՝ կազմակերպվել էր նաեւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն-վաճառք, ներկայացվել էին կարտոֆիլից պատրաստված տարբեր կերակրատեսակներ, իսկ փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ապահովեցին Գեղարքունիքի մարզի համայնքների պարային ու երաժշտական համույթները: 

 

 

  • Կիսվել: