երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կառավարությունում միասնական կարծիք չկա. Փաշինյանը՝ առողջապահական ապահովագրության 6 տոկոս հարկի մասին

Կառավարությունում միասնական կարծիք չկա. Փաշինյանը՝ առողջապահական ապահովագրության 6 տոկոս հարկի մասին

Այսօր Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Առողջապահության նախարարության առաջարկած 6 տոկոսը առողջապահական ապահովագրության համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Մենք արդեն ավելի քան մեկ տարի քննարկում ենք, թե ինչպես հասնենք մեր նպատակին, որ ՀՀ քաղաքացին հիվանդանոց դիմելու խնդիր չունենա»։

Վարչապետը նշեց նաեւ. «Ձեզ պետք է ուղիղ ասեմ, որ կառավարությունում միասնական կարծիք չկա։ Մոտ 10 օր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինձ գրեց էլեկտրոնային փոստով, որ իրենք ունեն որոշակի հայեցակարգային մոտեցում, որն ուզում են դնել հայեցակարգային քննարկման։ Ես ասացի, որ դեմ չեմ, որ դրվի հանրային քննարկման, բայց որ արձանագրվի, որ դա քաղաքական որոշում չէ, սա արվում է թեման բացելու, հասկանալու համար՝ ինչ տեսակետներ կան»:

Փաշինյանն ասաց, որ մեր զարգացման նոր օրակարգը նոր հրամայականները մեր առաջ դնում են խնդիր՝ լինել բացամիտ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ արտահայտված մտքերին այնպիսի ռեակցիա չտան, որ մարդիկ սկսեն վախենալ մտածել։ Նա ասաց. «Մարդ ա, միտք ա առաջարկել, փորձագիտական խումբը կարծիք է հայտնել, ասեք՝ սխալ ես ասել, և հիմնավորեք: Մենք ստեղծում ենք Հայաստանում մթնոլորտ, որ մարդիկ վախենում են միտք արտահայտել, որովհետև կասեն՝ դու կամ ազգի դավաճան ես, կամ գործակալ ես, եկեք մի հատ լիցքաթափվենք, որովհետև այն որոշումները, որ պետք է կայացվեն, պետք է ընդունելի և հիմնավորված լինեն, անհիմն որոշում բացառվում է, որ կայացնենք»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022 թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս պետք է վճարի առողջապահության հարկ:

 

  • Կիսվել: