հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ քանի՞ քաղաքացի կա ՌԴ-ում, և քանի՞սն են ստացել քաղաքացիություն. fip.am

ՀՀ քանի՞ քաղաքացի կա ՌԴ-ում, և քանի՞սն են ստացել քաղաքացիություն. fip.am

Հայկական լրատվամիջոցները նոյեմբերի 25-ին, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնեցին, որ 2019 թվականին ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի, գրում է fip.am-ը:

Նյութի սկզբնաղբյուրն է «Իզվեստիա» թերթը, որին Ռուսաստանի միգրացիոն տեղաշարժերի մասին տվյալները փոխանցել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը (ՌԴ ՆԳՆ): 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս տվյալները համապատասխանում են իրականությանը, ինչպես նաև՝ ինչ առանձնահատկություններ են ունեցել բնակչության հոսքի միտումները Հայաստանից Ռուսաստան նախորդ տարիներին:

Այսպես, ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 17,082 հայաստանցի:

Հատկանշական է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած հայաստանցիների թիվն ավելի մեծ է եղել: ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ երկրի քաղաքացի է դարձել ՀՀ 19,936 քաղաքացի: 

ՀՀ քանի՞ քաղաքացի է ստացել ՌԴ անձնագիր վերջին տարիներին

Ինչ վերաբերում է տարեկան կտրվածքներին, ապա ուսումնասիրելով ՌԴ ՆԳՆ տվյալները՝ մենք պարզեցինք, որ վերջին տարիների ընթացքում ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացիների թվով բացարձակ ռեկորդ է գրանցվել 2018 թվականին: 12 ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 27,134 հայաստանցի: 

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի 12 ամիսների ընթացքում այդ թիվը կազմել է 25,144: 2016 թվականին ռուսական անձնագիր է ստացել ՀՀ 22,264 քաղաքացի, իսկ 2015-ին՝ 18,653: 

Փաստացի, 2015 թվականի հունվարից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիս Հայաստանից հեռացել և Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 88,013 անձ:  

Այլ ցուցանիշներ

ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունը ներկայացնում է նաև այլ տվյալներ այդ երկրում փաստացի բնակվող՝ այլ երկրների քաղաքացիների վերաբերյալ: 

Այսպես, 2016 թվականին Ռուսաստանում ըստ բնակության հասցեի գրանցված է եղել 631,746 հայաստանցի, 2017-ին՝ 606,557, իսկ 2018 թվականին՝ 595,718: 

Հատկանշական է, որ նրանց ոչ զգալի մասը միայն ունի Ռուսաստանում կեցության իրավունք: 2016-ին ՌԴ-ում կեցության իրավունք է ունեցել ՀՀ 65,842 քաղաքացի, 2017-ին՝ 66,043, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 63,974:  

Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա այս տարվա առաջին 9 ամիսների տվյալների համաձայն՝ ՌԴ-ում հաշվառված է ՀՀ 483,928 քաղաքացի: Նրանցից միայն 61,204-ն ունի կեցության իրավունք: 

Ի՞նչ են անում հայաստանցիները Ռուսաստանում

Հայաստանից Ռուսաստան մեկնողների գերակշռող մասն ունի աշխատելու նպատակ: 

2016 թվականին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել 209,887 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 232,247, իսկ 2018-ին՝ 207,945 քաղաքացի: 

Միգրացիոն ծառայության կողմից հաշվառված անձանց թվում քիչ չեն նաև կրթության նպատակով մեկնածները: 2016 թվականին կրթություն ստանալու նպատակով Ռուսաստան է մեկնել 8786 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 8321, իսկ 2018-ին՝ 9801:

Ուսումնասիրված 3 տարիների ընթացքում Ռուսաստանում հաշվառված ՀՀ քաղաքացիների զգալի մասը որպես այցելության նպատակ նշել է մասնավոր գործունեությունը:

2016 թվականին մասնավոր նպատակներով Ռուսաստան է մեկնել 99,251 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 89,657, իսկ 2018-ին՝ 87,459 քաղաքացի:

  • Կիսվել: