կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց նրա անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում

Հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց նրա անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում

Երևանում՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվեց լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի  բրոնզաձույլ կիսանդրին։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կիսանդրու բացումը պայմանավորված էր Վարդանյանի հարյուրամյակով։

Հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի հիմները։

Բացման արարողությունից հետո դպրոցում անցկացվեց հուշ ցերեկույթ՝ նվիրված հերոսի 100-ամյակին։

Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել էր իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։

1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը, հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»:

  • Կիսվել: