շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի

Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի

Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախագիծն ընդունեց 55 կողմ և 23 ձեռնպահ ձայներով, դեմ արտահայտվող պատգամավոր չեղավ։
 
Այսուհետև նմանատիպ հաղորդումները և ֆիլմերը կցուցադրվեն միայն կեսգիշերից հետո։
Նախագծի հեղինակները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն են։ Վերջինս նախորդ նիստի ժամանակ հայտնել էր, որ հեռուստաեթերով նմանատիպ ֆիլմերում դրական երանգներով հանցագործ տեսնելով՝ հատկապես պատանիները սկսում են նրանց ընդօրինակել իրենց առօրյա կյանքում, ինչը խեղաթյուրում է հասարակական հարաբերությունները:
 
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ավելացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր ու տեսալսողական հաղորդումներ» հասկացությունը` այն հավասարեցնելով օրենքում արդեն ամրագրված «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր» հասկացությանը։
Ինչպես «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը», այնպես էլ «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» առաջարկվում է արգելել ժամը 06:00–00:00-ն ընկած ժամանակահատվածում։
Խախտման դեպքում հեռարձակողը կտուգանվի իր հասույթի 0.02 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 400 000 դրամ։

  • Կիսվել: