չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենից վիրավորվել է գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է

Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենից վիրավորվել է գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է

Մեր վիրավորի՝ Հենրի-Հայկ Զաքարեանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

«Մոտ 1.5 ժամ առաջ վիրահատությունն ավարտվել է, այն անցել է բարեհաջող: Մեր վիրավորի՝ Հենրի-Հայկ Զաքարեանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ներկայում վիրավորը դեռ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, որոշ ժամանակ հետո կտեղափոխեն Ստեփանակերտ։ Մոտակա օրերը կքննարկենք Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելու հարցը, եթե Արցախի մեր գործընկերները նման խնդրանքով դիմեն: Այժմ զինծառայողին Երևան տեղափոխելու խնդիր դեռ չկա, քանի որ վիճակը պետք է կայունացնել: Չվնասելու համար մենք չենք ուզում շտապել: Երբ իրավիճակը թույլ կտա, մենք նրան կտեղափոխենք Երևան»,- մանրամասնեց գնդապետը:

Վիրավորված մյուս զինծառայողի` Արմեն Մեսրոպյանի վիճակը միջին ծանրության է, նա վնասվածք է ստացել ձեռքի շրջանում։

  • Կիսվել: