երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավարին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամ՝ կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: 
 

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:

ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում ներկայումս քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրի լուծմանը:

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն կունենան:

  • Կիսվել: