ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը դասախոսական կազմի ու ուսանողների հետ ավարտվել է: Հանդիպման ընթացքում քննարկվել է նախագիծը, որով բուհերում հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը հանվելու է:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ հանդիպումը փակ չի եղել, ուղղակի լրագրողները չեն հրավիրվել, քանի որ տեղ չի եղել:

Հարցին՝ արդյո՞ք ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ է հանդիպել դասախոսների և ուսանողների հետ, ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի հետ ինքը վերջին անգամ խոսել է ԵՊՀ-ի 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստին. «Դրանից հետո ես նրան ոչ միայն չեմ տեսել, այլ նաև չեմ խոսել, հեռախոսով կապ հաստատելու հնարավորություն էլ չունեմ: Որևէ մեկն ինձ չի հրահանգել գալ հանդիպման»:

Նա նաև խոսեց ուսման վարձերի բարձրացումից` նշելով. «Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել դասախոսների աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ։ Աշխատավարձերը հավերժական թեմա են, ոչ միայն ԵՊՀ-ում, այլ ընդհանրապես։ Այն աշխատավարձը, որ ստանում է մեր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանն ու արած աշխատանքին։ Աշխատավարձը կարող է  առաջանալ ուսման վարձերից, այլ աղբյուր չկա։ Եթե խոսենք այլ ծախսերի կրճատման մասին, դա էական գումար չի բերի, չնայած ձգտելու ենք այլ ծախսերի կրաճատմանը»:

Նա հայտնեց, որ գիտխորհրդի նիստերից մեկում դնելու է ուսման վարձերի բարձրացման հարցը․ «Ես գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը։ Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան 15 տոկոսով»։

 

 

 

  • Կիսվել: