չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երեւանում տեղի կունենա ԵԽ տեղեկատվական այց՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

Երեւանում տեղի կունենա ԵԽ տեղեկատվական այց՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղեկատվական այց՝ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վերաբերյալ, տեղեկացնում են Եվրոպայի խորհրդից։

ԵԽ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Եվրոպայի խորհրդի պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագետների խմբի (ԳՐԵՎԻՕ) ղեկավար՝ տկն Մրսլին Նադին, Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցերով մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ տկն Վերոնիկա Բիլկովան, Սերբիայի խորհրդարանի անդամ՝ տկն Դուբրավկա Ֆիլիփովսկին, որը նաեւ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Բռնությունից զերծ կանանց ցանցի անդամ է, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Պատվիրակությունը կմասնակցի մի շարք հանդիպումների՝ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու եւ դրա դրույթներն ու նպատակները հստակեցնելու համար:

Այցը կներառի հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, որը վարելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը,երկկողմ հանդիպումներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, Արդարադատության նախարարի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ, հանդիպում ոստիկանության հետ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ եւ Երեւանում միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս տեղեկատվական այցը հետեւում է Վենետիկի հանձնաժողովի՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հետեւանքների վերաբերյալ եզրակացության ընդունմանը, որով հստակեցվել էր, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող»:

  • Կիսվել: