երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները:

 
Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով երկրի տարբեր մակարդակներում ստեղծվում են տարբեր տիպի արձագանքման ուժեր՝ շտապօգնության բրիգադներ, մարզերի և Երևանի մակարդակով` բժշկական խմբեր:
 
Հատկանշական է, որ նախաձեռնության շրջանակում առողջապահության նախարարությունը «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակում սերտ համագործակցում է Վրաստանի առողջապահության նախարարության, ASB գերմանական կազմակերպության վրաստանյան ներկայացուցչության հետ, քանի որ համանման թիմ ներկա պահին ձևավորվում է նաև Վրաստանում, և նախաձեռնության նպատակներից է բարելավել Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը:
 
ՀԱԱԲԹ-ն ձևավորվում է Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հենքի վրա` հաշվի առնելով վերջինիս բազմապրոֆիլ բնույթը, բավարար կադրային ներուժը և համապատասխան տարածքը՝ թիմի գույքի պահեստավորման, պահպանման և թարմացման համար: Թիմում ներառված են բարձր որակավորում ունեցող, նյութատեխնիկական (լոգիստիկ) մասն ապահովող մասնագետներ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:
 
Ապրիլի 9-ին մեկնարկած վերապատրաստումների շրջանակում ձեռքբերված տեխնիկաներն ու հմտությունները թիմի անդամները հմտորեն կիրառել են վերապատրաստումների վերջին օրը` դաշտային ուսումնավարժանքի ընթացքում` կլինիկական և լոգիստիկ հարթակներում դրսևորելով կոմպետենցիաների առավել բարձր մակարդակ:
«Նման թիմի ձևավորմամբ մենք ուժեղացնում ենք ՀՀ-ում արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման հնարավորությունները, նաև մարդասիրական օգնություն ներմուծող երկրից վերածվում ենք նման օգնություն արտահանող երկրի: Հայաստանում նմանօրինակ թիմի ստեղծումը կնպաստի միջազգային մասշտաբով Հայաստանի ճանաչելիությանն ու վարկանիշի բարձրացմանը, երկրի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, առողջապահական կարողությունների հզորացման տեսանկյունից»,- նշել է ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, ՀԱԱԲԹ ղեկավար Արմեն Մելքոնյանը:
Դասընթացի ավարտին թիմի մասնակիցներին շնորհվել են վկայականներ, իսկ թիմի կլինիկական կազմին` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
Ակնկալվում է, որ հայաստանյան թիմի ձևավորման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024 թվականի վերջին:

  • Կիսվել: