շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԵՊՀ-ում չարաշահումների թեմայով դիմել եմ ՊՎԾ. Մխիթար Հայրապետյան

ԵՊՀ-ում չարաշահումների թեմայով դիմել եմ ՊՎԾ. Մխիթար Հայրապետյան

«Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է, որ հետևողական է լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և, ըստ անհրաժեշտության, հանրության հետ կիսելու հարցում:

Հայրապետյանը, մասնավորապես, գրել է.

«ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով ինձ նամակներ գրող սիրելի՛ քաղաքացիներ, զեկուցում եմ՝

Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ամփոփող տեղեկանքը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Վարչապետին, որից հետո ուղարկվել է ՀՀ դատախազություն և հարուցվել քրեական գործ:

Այնուհետև կապ եմ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և տեղեկացել, որ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն: Ցանկանում եմ հայտնել, որ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում հետևողական եմ լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն և, ըստ անհրաժեշտության, կիսելու հանրության հետ»:

  • Կիսվել: