հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցոլակյանն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենին

Ցոլակյանն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար  Ֆելիքս Ցոլակյանը փետրվարի 18-ին ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանին: Հանդիպման նպատակն է եղել աշխատանքային-գործնական մթնոլորտում քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է միության համագործակցությունը պետական մարմինների հետ: Քննարկվեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հնարավորությունները, մասնավորապես, կապի ծրագրային ապահովման, անտառային հրդեհների և սեյսմիկ քարտեզների մոնիթորինգի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ԱԻՆ աշխատողների վերապատրաստման, կրթության և աշխատուժի զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հանդիպումները կլինեն շարունակական և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանան առավել արդյունավետ լուծումներ տալ առկա խնդիրներին:

  • Կիսվել: