երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ ամենաթերագնահատված քաղաքական իրադարձություններից մեկը․ The Washington Post

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ ամենաթերագնահատված քաղաքական իրադարձություններից մեկը․ The Washington Post

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը ներկայացրել է 2019 թվականի 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունները: 

3-րդ կետում, որը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներին, հոդվածագիր Ահարոն Բլեյքը հիշատակել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Եվ վերջապես եկավ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դաշնակից քրդերի վրա հարձակումներից և Ռուսաստանի հետ մերձեցումից հետո, Սենատն առաջին անգամ ցանկություն հայտնեց հարյուրամյակ առաջ տեղի ունեցածը բնորոշելու որպես «ցեղասպանություն»: Դա տեղի ունեցավ տասնամյակներ շարունակվող մերժումից հետո: Այն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը շարունակաբար ձգձգում էր այս հարցը՝ ամենայն հավանականությամբ Դոնալդ Թրամփի ցանկության պատճառով՝ պահպանել լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ հիմա էլ նախագահական աշխատակազմը նշում է, որ Սենատի բանաձևը չի արտահայտում իրենց դիրքորոշումը:

Թրամփն առաջին նախագահը չէ, որ դա ցեղասպանություն չի անվանում, նա ընդամենը վերջինն է այդ երկար ցուցակում: Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ինքը դա կանվանի ցեղասպանություն, բայց երբեք էլ այդպես չվարվեց որպես նախագահ»,- նշում է հոդվածագիրը:

Մարդու իրավունքներին վերաբերող կետից բացի՝ 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունների շարքում նշվել են նաև ԱՄՆ դատական համակարգի վերափոխումը, Վիրջինիա նահանգի նահանգային ներկայացուցիչների սկանդալները, մի քանի երկկուսակցական բանաձևերի ընդունումը և փախստականների հարցում ԱՄՆ վարած քաղաքականությունը:      

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

  • Կիսվել: