Այս քայլը հետ գցեց մեր պետականության զարգացումն առնվազն 2 տասնամյակով․ Արայիկ Հարությունյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
Սա ոճրագործություն էր մեր պետականության դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը․
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ինչպես և յուրաքանչյուր աշխատանքային օր, պատրաստվում էի դիտել Ա1-ի Այբ-Ֆե լրատվականի թողարկումը, որը սկսվելու էր 17:45: Սկզբում հաղորդեցին ԱԺ-ում տեղի ունեցած անհասկանալի իրադարձության մասին, այնուհետև հատուկ թողարկմամբ արդեն բոլորս իմացանք մեծագույն ողբերգության մասին, որի մասին ամեն անգամ հիշելով՝ նույն զգացումներն եմ ունենում:
Այս ոճրագործության հեղինակները հանցագործություն են կատարել մեր պետականության դեմ, որի հետևանքները դեռ քաղում ենք ու քաղելու ենք: Ըստ էության, այս քայլը հետ գցեց մեր պետականության զարգացումն առնվազն 2 տասնամյակով:
Յուրաքանչյուրիս պարտականությունն է թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը...»: